+374 41 811 118

Որտեղ տեղադրել մահճակալը, որպեսզի լավ քնել

Ննջասենյակի ամենակարևոր կահույքը, անկասկած, մահճակալն է։ Այն մեր հանգստի, վերականգնման հիմնական «գործիքն» է։ Եվ որքան էլ որ որակյալ լինի ներքնակը կամ գեղեցիկ՝ մահճակալը, սխալ տեղադրումը կարող է ազդել քնի որակի վրա։

Մահճակալի ճիշտ դիրքը որոշվում է մի քանի պարզ, բայց կարևոր սկզբունքներով, և դրանցից մեկն է պաշտպանվածության զգացողությունը։ 

Մահճակալը ցանկալի է տեղադրել այնպես, որ գլխամասը հպվի պատին։ Սա ստեղծում է անվտանգության և կայունության զգացողություն, որն անգիտակցաբար օգնում է ավելի հանգիստ քնել։

Եթե մահճակալը տեղադրված է սենյակի մեջտեղում՝ առանց հենարանի, քունը հաճախ ավելի անհանգիստ է լինում։ Պատը այստեղ դառնում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական աջակցություն։

Շարունակելով անվտանգության թեման՝ լավ տարբերակ կարելի է դիտարկել նաև մահճակալի այնպիսի տեղադրությունը, որ պառկած դիրքից տեսանելի լինի սենյակի դուռը։ Սա ևս անվտանգության զգացողություն է ստեղծում և օգնում մարմնին ավելի արագ հանգստանալ։

Միևնույն ժամանակ մահճակալը չարժե տեղադրել անմիջապես դռան դիմաց։ Այդ դիրքը կարող է անհարմար լինել թե՛ շարժման, թե՛ լուսավորության պատճառով։

Պատուհանի անմիջապես տակ մահճակալ դնելը միշտ չէ, որ լավագույն լուծումն է։ Ձմռանը այնտեղ կարող է ավելի սառը լինել, իսկ ամռանը՝ չափազանց լուսավոր։

Եթե սենյակի չափերը թույլ են տալիս, ավելի լավ է մահճակալը տեղադրել այնպես, որ բնական լույսը ընկնի կողքից, ոչ թե ուղիղ քնողի դեմքին։ Սա օգնում է ննջասենյակում հարմարավետ մթնոլորտ պահպանելուն։

Ջեռուցման սարքերին շատ մոտ տեղադրված մահճակալը կարող է խանգարել քնի որակին։ Չափազանց տաք և չոր օդը հաճախ անհանգիստ քնի և առավոտյան հոգնածության զգացման պատճառ է դառնում, կարող է խթանել սուր շնչառական վարակների բարդացմանը։ Նույնը վերաբերում է նաև օդորակիչի ուղիղ հոսքին։

Անշուշտ լավ ննջասենյակը այն է, որտեղ կարելի է հեշտությամբ մոտենալ մահճակալին երկու կողմից։ Սա ոչ միայն հարմար է առօրյայում, այլ նաև սենյակը դարձնում է ավելի հավասարակշռված, հանգիստ և ազատ։

Երբ մահճակալը «սեղմված» է պատերի կամ պահարանների միջև, տարածքն ինքնին սկսում է ճնշել։

Փոքր ննջասենյակների դեպքում, սակայն, միշտ չէ, որ սա հնարավոր է։ Այդպիսի տարածքներում ավելի ճիշտ է մահճակալը տեղադրել պատի երկայնքով՝ ազատ պահելով գոնե մեկ հարմար անցում։ Այնուհանդերձ, կարևոր է, որ սենյակում շարժվելը մնա հեշտ և անկաշկանդ։

Փոքր տարածքներում լավ լուծում կարող են լինել նաև պահեստավորման տարածք ունեցող մահճակալները կամ տրանսֆորմեր մոդելները։ Այս լուծումն օգնում է խնայել տարածքը՝ առանց հարմարավետությունը զոհելու։

Մահճակալների մեծ տեսականի կարող եք գտնել հայկական արտադրության Shkaff կահույքի խանութ-սրահներում։