
Անկախ բազմոցի առկայությունից, բազկաթոռը հավելյալ հարմարավետություն է ստեղծում ինտերիերում, քանի որ կատարյալ վայր է առանձին նստած սուրճ խմելու, գիրք կարդալու, նույնիսկ թեթև նիրհելու համար։ Այս բոլոր առաջնային և երկրորդական գործառույթները պահանջում են, որ բազկաթոռի ընտրությանը մոտենանք ավելի լուրջ և պատրաստված։
Առաջին հայացքից բազկաթոռը կարող է լինել գեղեցիկ, նրբաճաշակ կամ ոչ այդքան։ Սակայն այս հատկությունները չեն, որ ժամանակի ընթացքում անհարմարություն են ստեղծելու այն օգտագործողների համար։
Լավ բազկաթոռ ընտրելու հիմքում ընկած է ճիշտ համամասնությունը կահույքի, մարդու մարմնի և ամենակարևորը նրա կենսակերպի միջև։
Սկսենք նստատեղի բարձրությունից։ Օրինակ՝ հարմարավետ բազկաթոռի դեպքում նստատեղի բարձրությունը սովորաբար տատանվում է 40-ից 50 սանտիմետրի միջև, այնպես, որ նստելիս ոտքերը ամբողջությամբ դիպչեն հատակին, իսկ ծնկները լինեն մոտ 90 աստիճանի անկյան տակ։ Եթե բազկաթոռը չափազանց բարձր է, ոտքերը կախված կմնան, իսկ եթե շատ ցածր է՝ մարմինը կկորանա, առաջացնելով անհարմարություն։
Նույնքան կարևոր է նստատեղի խորությունը։ Լավ բազկաթոռում այն կազմում է միջինում 50-60 սմ։ Այս դեպքում մեջքը ամբողջությամբ հենվում է թիկնակին, իսկ ծնկների հետևում մնում է փոքր՝ մոտ 3-5 սմ տարածք։
Թիկնակի բարձրությունն ու ձևը նույնպես մեծ դեր ունեն։ Ցածր թիկնակով բազկաթոռները ավելի շատ դեկորատիվ են և հարմար կարճ ժամանակով նստելու համար, մինչդեռ բարձր թիկնակներն իսկապես օգնում են լիցքաթափվել հենված դիրքում։
Բայց նույնիսկ իդեալական չափերով բազկաթոռը չի կարող համարվել լավը, եթե այն չի համապատասխանում մարդու կենսակերպին։ Օրինակ՝ նրանք, ովքեր սիրում են լիարժեք հանգստանալ, նախընտրում են խոր նստատեղով, փափուկ և թեթև թեքված բազկաթոռներ։ Իսկ նրանք, ովքեր աշխատում են տնից կամ երկար ժամանակ են նստած մնում, ավելի շատ կարիք ունեն ուղիղ թիկնակով և մեջքի ճիշտ հենում ապահովող մոդելների, որոնք օգնում են պահպանել մարմնի ճիշտ դիրքը։
Տարեց մարդկանց համար բազկաթոռի ընտրությունը դառնում է առավել գործնական հարց։ Նրանց համար կարևոր է ավելի բարձր նստատեղը և ավելի կոշտ կառուցվածքը, որպեսզի նստելն ու վեր կենալը հեշտ լինի։ Այս դեպքում արմնկակալները նույնպես կարևոր են հենվելու համար։
Ընտանիքներում, որտեղ բազկաթոռը օգտագործվում է տարբեր մարդկանց կողմից, առաջնահերթ են դառնում դիմացկունությունն ու բազմաֆունկցիոնալությունը։ Այստեղ հաճախ ընտրվում են միջին չափերի, դիմացկուն և հեշտ մաքրվող գործվածքներով մոդելներ։
Մյուս կողմից՝ կան նաև այնպիսի բազկաթոռներ, որոնք ընտրվում են ոչ այնքան հարմարավետության, որքան ինտերիերում ընդգծված դեր ունենալու համար։ Դրանք կարող են ունենալ արտասովոր ձև, վառ գույն կամ յուրահատուկ դիզայն՝ դառնալով սենյակի կենտրոնը։
Բազկաթոռների լայն տեսականի կարող եք գտնել նաև հայկական արտադրության Shkaff խանութ-սրահներում։