+374 41 811 118

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԿԱՀՈՒՅՔ ՄԱՆԿԱԿԱՆ ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՐ (ՄԱՍ 1)

Մանկական ննջարան կահավորելը բավական բարդ աշխատանք է։ Պետք է հաշվի առնել երեխայի ցանկությունները, մանավանդ եթե երեխան արդեն այն տարիքում է, որ կարողանա օգնել այդ հարցում։ Հիշեք, մանկական սենյակը կարող է լինել գեղեցիկ, հետաքրքիր, բայց այն պարտադիր պետք է լինի անվտանգ։ Առաջարկում ենք ծանոթանալ մի քանի պարզ խորհուրդների, որոնք կօգնեն սենյակը ճիշտ կահավորել։

1. Ընտրել ճիշտ գույն

Վաղ հասակում երեխայի զարգացման վրա ազդում է ամեն ինչ, այդ թվում՝ գույները, որոնք շրջապատում են նրան։ Իսկ քանի որ մանկական սենյակում երեխան բավական շատ ժամանակ է անցկացնում, հետևաբար սենյակի գույներն ազդում են նրա ենթագիտակցության վրա։ Ընտրեք ճիշտ գույներ թե՛ սենյակի պատերի համար, թե՛ կահույքի։ Հաշվի առեք երեխայի տարիքը, քանի որ այս խորհուրդը կիրառելի է մինչև 3 տարեկան երեխաների դեպքում. այն լրիվ անտեղի է դեռահասների պարագայում։ Դպրոցական տարիքի երեխաներին պետք է ուղղակի հարցնել, թե որ գույնն է նրանց դուր գալիս և հետո միայն քննարկել ինչ-որ տարբերակներ։ Իսկ ի՞նչ անել, եթե երեխան այդ հարցին դեռ չի կարողանում պատասխանել, քանի որ դեռևս չի կողմնորոշվում։ Այս դեպքում հոգեբանները խորհուրդ են տալիս հաշվի առնել երեխայի խառնվածքը։

Կահույքի ընտրության ժամանակ առաջնորդվեք հոգեկան աշխարհի վրա գույների ազդեցությամբ։ Օրինակ՝ կարմիրը խթանում է ակտիվությունը և արագ հոգնածությանը, մուգ կապույտը կարող է ընկճախտ առաջացնել, իսկ ահա կանաչն օգնում է կենտրոնացնել ուշադրությունը, բարելավել տրամադրությունը և հանգստանալ։ Դեղին և նարնջագույնը պետք է կիրառել ավելի չեզոք գույների հետ համադրելով։

Բացի այդ, ծնողները գույների ընտրությունն անում են հիմնականում սեռով պայմանավորված։ Վարդագույնը, դեղձագույնը, դեղինը, նարնջագույնն ընտրում են աղջիկների սենյակների համար, իսկ կանաչը, կապույտը, մանուշակագույնը՝ տղաների։


2. Հաշվի առնել սենյակի տարածքն ու երեխայի տարիքը

Մանկական սենյակի համար կահույք ընտրելիս կարևոր է չսխալվել պարամետրերով։ Թղթի վրա մոտավոր պատկերեք, թե ինչպես եք պատկերացնում սենյակը։ Տարածք թողեք տեղաշարժվելու և խաղալու համար։ Եթե փոքր տարիքում սենյակում դրվում է երեխայի օրորոցը, սեղան և ոչ մեծ պահարան խաղալիքների համար, ապա մեծանալուն զուգահեռ այս հավաքածուն փոխվում է ու սենյակում հայտնվում է մահճակալ, սեղան, աթոռ և բավական տարածք ոչ միայն խաղալիքները, այլ նաև գրքերը տեղավորելու համար։ Մինչև դպրոցական և տարրական դասարանների երեխաների համար սենյակը կահավորելը հաճույք է։ Կարելի է սենյակը ձևավորել մուլտֆիլմի, գրքի, սիրելի ֆիլմի մոտիվներով։ Իրերի պահարանի համար կարող եք սնդուկներ կիրառել, իսկ վարագույները կախել ինչպես առագաստները։
Երբ երեխան արդեն սկսի դպրոց հաճախել պետք է սենյակում ավելացնեք հարմար սեղան և աթոռ։ Իսկ գրքերի, խաղալիքների, գրենական պիտույքների համար պետք է շատ դարակներով պահարան, որտեղ ամեն ինչ խնամքով դասավորված կլինի։

Սիրելի ծնողներ, հիշեք, որ դպրոցականներն արդեն սկսելու են իրենց սենյակներում հյուրեր ընդունել, այնպես որ հաշվի առեք դա և սենյակում ավելացրեք փոքրիկ բազմոց կամ փափուկ աթոռներ։

Հաջորդ հոդվածում կներկայացնենք, թե ինչպիսի, ինչ նյութից պատրաստված կահույք է պետք մանկական սենյակում։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԿԱՀՈՒՅՔ ՄԱՆԿԱԿԱՆ ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՐ (ՄԱՍ 2)

Մանկական տարածք կահավորելը վերանորոգման և կահավորման ամենաբարդ մասն է։

13 11 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԿԱՀՈՒՅՔ ԽՈՀԱՆՈՑԻ ՀԱՄԱՐ

Խոհանոցը տան ամենակարևոր սենյակներից մեկն է, որտեղ մենք անց ենք կացնում շատ ժամանակ՝ պատրաստելով համեղ ուտեստներ և ճաշակելով դրանք։

09 09 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԿԱՀՈՒՅՔ ՄԱՆԿԱԿԱՆ ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՐ (ՄԱՍ 2)

Մանկական տարածք կահավորելը վերանորոգման և կահավորման ամենաբարդ մասն է։

13 11 2019