Այս հրապարակման մեջ կխոսենք ճաշասեղանի օպտիմալ բարձրությունից, ոտքերի քանակից և կներկայացնենք մի քանի խորհուրդ, որոնք պիտանի կլինեն ճաշասեղան գնելիս։
Ճաշասեղանների ստանդարտ բարձրությունը 75-80սմ է։ Սակայն առանձին դեպքերի համար, օրինակ, երբ անձանց հասակները իրարից կտրուկ տարբերվում են, անհրաժեշտ է հաշվարկել հասակների (բացառությամբ աճող տարիքի երեխաների) միջին թիվը, բազմապատկել 75-ով, ապա թիվը բաժանել 165-ի։ Ստացված թիվը կհամարվի սեղանի այն օպտիմալ բարձրությունը, որը հարմարավետ է դարձնում սեղանից բոլորի օգտվելը։ Եթե այդ թիվը 75-80սմ-ից բարձր կամ ցածր է, ապա նախընտրելի է ճաշասեղանը պատվիրել։
Ինչ վերաբերում է երեխաներին, ապա քանի դեռ նրանք արագ աճման շրջանում են, կարող են օգտվել կարգավորվող ոտնակներով հատուկ աթոռներից և հավասարապես օգտվել սեղանից։
Շատ հաճախ ճաշասեղանի ոտքերի քանակը գնորդները դիտարկում են դիզայնի տեսանկյունից, և ոչ թե ֆունկցիոնալության, պրակտիկության և հարմարության։
Հենարանի դեր ունեցող մեկ ոտքը հարմար և հուսալի տարբերակ է փոքր ճաշասեղանի համար, քանի որ սեղանի ոտքերին խփվելու վտանգ չկա։
Երկու ոտք ունեցող ճաշասեղանները թեև գեղեցիկ են և հավաք տեսք ունեն, սակայն անհարմար են կիրառման տեսանկյունից՝ հատկապես եզրերում նստածների համար։
Երեք ոտք ունեցող ճաշասեղանները սովորաբար կլոր տեսակի են լինում և այդ ձևի, ֆորմայի մեջ կիրառման որևէ խոչընդոտ չեն ստեղծում նստողների համար։ Դիտվում են կոկիկ և գեղեցիկ։
Դե իսկ չորս ոտք ունեցող ճաշասեղանները համարվում են դասական, որի ֆունկցիոնալ և էսթետիկ առավելությունների մասին խոսելը, թերևս, ավելորդ է։
Ի՞նչ է պետք իմանալ նախքան ճաշասեղան գնելը
- Ի՞նչ նյութից է պատրաստված ճաշասեղանը։ Փորձեք հնարավորինս շատ տեղեկություն հավաքել տվյալ նյութի առանձնահատկությունների մասին։
- Ինչպիսի՞ խնամք է պահանջում ճաշասեղանը՝ պայմանավորված իր հումքով։
- Արդյոք տվյալ ճաշասեղանն ունի գործարանային դեֆեկտներ, և դրանց հայտնաբերման դեպքում ինչ կարող եք անել՝ վերադարձնել, հանձնել անվճար վերանորոգման և այլն։
- Որքանո՞վ են հուսալի ամրացնող դետալները (արդեն պատրաստի ճաշասեղանը պետք է լինի ամուր կանգնած, չճռռացող, չշարժվող)։