+374 41 811 118

Ինչ պետք է իմանալ պահոցով մահճակալ գնելուց առաջ

Պահոցով մահճակալները ֆունկցիոնալ կահույքի ամենատարածված և ամենահարմար լուծումներից մեկն են։ Առաջին հերթին դրանք իդեալական են փոքր ննջասենյակների համար, որտեղ սեզոնային հագուստը, անկողնային պարագաներն ու այլ իրեր պահելը ավելորդ գլխացավանք է։ 

Այս պրակտիկ լուծումը, սակայն, շատ հաճախ կիրառում են նաև մեծ ննջասենյակներում, քանի որ միշտ գտնվում են իրեր, որոնք առաջին անհրաժեշտության չեն և հեշտությամբ իրենց տեղը գտնում են այսպիսի մահճակալների պահոցում։

Սակայն պահոցով մահճակալները, որքան էլ հարմար են և ֆունկցիոնալ, նախ առաջ են քաշում անվտանգության հարցը։ Ինչպե՞ս հասկանալ, որ պահոցով մահճակալն անվտանգ է և այդպիսին կմնա երկար ժամանակ։

Այսպիսի մահճակալների «սիրտը» բացվող մեխանիզմն է, և գնումը կատարելիս պետք է փորձարկել հենց դա։ Շուկայում առկա են ամենատարբեր նյութերից՝ պլաստիկից, փայտից, մետաղից պատրաստված մեխանիզմներ։ Փորձը ցույց է տվել, որ ամենահուսալի մեխանիզմները երկաթից պատրաստվածներն են, որոնք ոչ միայն կարողանում են կրել ներքնակի և պառկած մարդկանց ծանրությունը, այլ նաև չեն մաշվում երկարաժամկետ օգտագործումից հետո։ 

Գնելուց առաջ անպայման փորձարկե՛ք մեխանիզմը, ուշադրություն դարձրեք, թե որքանով է սահուն բացվում այն, արդյոք ճռճռոց լսվո՞ւմ է բացելիս կամ փակելիս։ Կարևոր է նաև ստուգելը, թե արդյոք փակելիս ամբողջությամբ է «նստում» հիմքի վրա, թե ինչ-որ մի հատված ծուռ է մնում։ 

Եթե այս խնդիրներն առկա են դեռևս խանութում, ապա ձեր տանը այսպիսի մահճակալների վրա հանգիստ քուն չի սպասվում։

Հորիզոնակա՞ն, թե՞ ուղղահայաց բացվող մահճակալներ

Երկու տարբերակներն են օպտիմալ են, սակայն պետք է հաշվի առնել այն, որ ուղղահայաց մոդելները թույլ են տալիս պահոցին մոտենալ մահճակալի բոլոր կողմերից և կարելի է օգտագործել անգամ, եթե մահճակալի վրա կան անկողնային պարագաներ։ Մինչդեռ հորիզոնականը բացելիս վտանգ կա, որ ներքնակը և անկողնային պարագաները կարող են սահել։ Հորիզոնականները հարմար տարբերակ են փոքր մահճակալների համար։

Երկու մոդելների դեպքում էլ նախընտրելի է, որ մահճակալն ունենա ամրացման, ֆիքսման հնարավորություն, որը կհեշտացնի դրա օգտագործումը և կարիք չի լինի օգտվելիս նաև մահճակալը բռնող օգնականների կանչելու։

Բացվո՞ղ, թե՞ դարակներով պահոց

Այս երկու մոդելների հիմնական տարբերությունը պահոցներ տարողունակությունն է։ Որպես կանոն, բացվող պահոցներով մոդելներն ավելի տարողունակ են և բացելիս, բնականաբար, մեծ տեղ չեն զբաղեցնում, քանի որ բացվում են դեպի վերև։ Փոխարենը դարակներով պահոցներն ավելի հարմար են ամենօրյա օգտագործման համար, կարող եք դրանք օգտագործել ինքնուրույն, քանի որ ծանրություն բարձրացնելու կարիք չկա։ Այսպիսի պահոցները սովորաբար ավելի փոքր տարողունակություն են ունենում, հարմարավետ են մանկական մահճակալների համար։

Հայկական արտադրության Shkaff կահույքի խանութ-սրահներում կարող եք գտնել ամենատարբեր չափերի որակյալ ու անվտանգ պահոցներով մահճակալներ։