Սպասքապահարանների վերաբերյալ մեր նախորդ հոդվածում անդրադարձել ենք այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել դրանք գնելիս։ Այս հոդվածում կխոսենք սպասքապահարանների հիմնական տեսակների և դրանց՝ մեր ինտերիերին համապատասխանության մասին։
Որպես կանոն, սպասքապահարանների տեղը տան մեջ խոհանոցն է կամ ճաշասենյակն ու հյուրասենյակը, եթե դրանք առանձին սենյակներ են։ Հյուրասենյակում դրված սպասքապահարանը կատարում է միաժամանակ երկու ֆունկցիա․ նախ այն սենյակի դեկորատիվ մասն է, հետո՝ հարմար պահոց սպասքի համար։ Եվ այս երկու ֆունկցիաները ներդաշնակ իրականացնելու համար անհրաժեշտ է, որ այն ոճային առումով համապատասխանի մեր ինտերիերին և լինի տարողունակ այնքան սպասքի համար, որքան նախատեսում ենք այնտեղ տեղավորել։
Թեև շուկայում մեծ ընտրություն կա ամենատարբեր տեսակների և ոճերի սպասքապահարանների, այնուհանդերձ կարելի է առանձնանցնել դրանց հիմնական հինգ տեսակները, որոնք էլ իրենց հերթին կարող են լինել տարբեր ոճերի․
- Կախվող սպասքահարաններ
- Հատակին դրվող սպասքապահարաններ
- Պենալներ
- Վիտրինա պահարաններ
- Բուֆետներ և սերվանտներ
Կախվող մոդելները սովորաբար մեծ չափերի չեն լինում, կիրառվում են ոչ մեծ քանակությամբ սպասք՝ թեյի, գինու կամ վիսկիի բաժակներ պահելու նպատակով։ Սովորաբար կիրառվում են խոհանոցներում, սակայն հանդիպում են նաև կախովի սպասքապահարաններով ճաշասենյակներ։ Երբ այսպիսի սպասքապահարանները տեղադրվում են հյուրասենյակում կամ ճաշասենյակում, դրանց ավելանում է նաև դեկորատիվ ֆունկցիան։ Այդպիսի դեպքերում լուծումը լինում է ապակե դռները՝ երբեմն նաև ներքին լուսավորությամբ։
Հատակին դրվող սպասքապահարանները կարելի է դասական համարել։ Դրանք վիտրինա պահարաններից տարբերվում են նաև իրենց բարձրությամբ (որպես կանոն ունեն կոմոդի բարձրություն, այսինքն՝ մինչև մարդու գոտկատեղ կամ մի քիչ ավելի վերև) և փակ, անթափանց դռներով։ Այսպիսի պահարաններն աչքի են ընկնում իրենց տարողունակությամբ։ Այստեղ կարելի է տեղավորել ամենատարբեր տեսակի սպասք, իսկ պահարանի բարձրությունը թույլ է տալիս նաև օգտագործել որպես տարբեր դեկորատիվ առարկաների համար տակդիր-պահարան։
Պենալ կոչվող սպասքապահարանները նեղ ու երկար պահարաններ են, որոնք կարող են լինել և՛ ընդհանուր կահույքի մասը, և՛ առանձին կտոր։ Պենալները, որպես կանոն, ունեն ապակե դռներ, այստեղ կարելի է տեղադրել և՛ ցուցադրական սպասք և՛ ամենօրյա։
Վիտրինա պահարանների անունն արդեն ասում է, որ այս պահարանը չի կարող ունենալ փակ ու անթափանց դռներ։ Սրանք պենալներից ավելի լայն են, չունեն փակ դարակներ։ Պահարանի այս տեսակը շատ տարածված է եղել նախորդ սերունդների կենցաղում, սակայն այսօր՝ էքսպերիմենտներ անելով այս տեսակի կահույքի չափերի և հումքի հետ, հնարավոր է ստանալ ժամանակակից և նորարարական մոդելներ։
Ի տարբերություն վիտրինաների, որոնք չունեն փակ պահարաններ, բուֆետները և սերվանտներն ունեն այդպիսի պահոցներ։ Այս տեսակի պահարանների վերևի հատվածը վիտրինայի նման է, ունի ապակե դռներ։ Ներքևի հատվածը նման է կոմոդի։ Սերվանտների դեպքում վերևի ու ներքևի հատվածների մեջ կան նաև գզրոց-դարակներ՝ նախատեսված դանակ-պատառաքաղների համար։ Այսպիսի պահարաններն աչքի են ընկնում տարողունակությամբ և արդեն դարեր շարունակ դուրս չեն գալիս նորաձևությունից։
Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։
Անշուշտ կարևոր է, որ մեր հյուրասենյակի սպասքապահարանը նախ և առաջ մեզ դուր գա, չէ՞ որ այն ամեն օր մեր աչքի առջև է գտնվելու։
01 02 2022