Ժամանակակից ինտերիերում ամբողջ պատով տարածվող հսկայական սպասքապահարանները հետզհետե դառնում են ոչ ակտուալ։ Իսկ փոքր ճաշասենյակների դեպքում միշտ ստիպված ենք «հաշվի նստել» սպասքապահարանի հետ, քանի որ այն մեր սենյակում զգալի տեղ է զբաղեցնում։
Ինչի՞ն ուշադրություն դարձնել փոքր ճաշասենյակի սպասքապահարան ընտրելիս․
Չափերին
Սպասքապահարան ընտրելիս կարևոր է նախ պատկերացնել մեր ինտերիերի չափերը։ Փոքր ճաշասենյակում մեծ, ամբողջ պատով ձգվող և տարածվող սպասքապահարանը կարող է և՛ վիզուալ, և՛ իրականում փոքրացնել սենյակը։ Ուստի ինտերիեր դիզայներները և կահույքագործներն առաջարկում են ապակյա ցուցափեղկերով ավելի հավաք և փոքր պահարաններ՝ վիտրինաներ, որոնցում կարող ենք ցուցադրել ներկայանալի սպասքը։
Դռներին
Փոքր ճաշասենյակների համար նախընտրելի տարբերակ են սահող դռներով ցածր սպասքապահարանները՝ կոմոդները։ Նախ, դրանք կարող են ծառայել նաև որպես սեղանիկ՝ ծաղիկամանի և այլ առարկաների համար, և երկրորդը՝ սահող դռները զգալի կկրճատեն սենյակում օգտագործվող տարածությունը։
Ոտքերին
Անմիջապես հատակին կանգնող պահարանը, չնայած, որ ավելի հուսալի և ամուր տեսք ունի, կարող է «ծանրացնել» սենյակի տեսքը։ Մինչդեռ ոտքերի վրա կանգնող սպասքապահարանը ոչ միայն թեթև, ընդարձակ տպավորություն է ստեղծում սենյակի համար, այլ նաև հեշտացնում է մաքրելու գործընթացը։
Գույնին
Փոքր ճաշասենյակներում կահույքի գույնը կարող է որոշիչ լինել ընդհանուր միջավայրի տրամադրության համար։
Մուգ դարչնագույն փայտե կահույքը համարվում է դասական և ճաշասենյակին հաղորդում է հուսալիություն և էլեգանտություն։ Սակայն երբ ճաշասենյակը փոքր է, կահույքի, այդ թվում նաև սպասքապահարանի մուգ գույները կարող են ճնշող լինել և վիզուալ ավելի փոքրացնել ձեր՝ առանց այն էլ փոքր ճաշասենյակը։ Ուստի այն կահավորելիս ցանկալի է ընտրություն կատարել հօգուտ ավելի բաց գույների, որոնք ճաշասենյակը կդարձնեն ավելի հարմարավետ, լուսավոր ու ընդարձակ։
Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։
Ննջարանում զարդասեղանը միանգամից մի քանի կիրառություն ունի՝ այն և պահոց է հագուստի համար և սեղան նկարների, հարդարման պարագաների և, իհարկե, զարդերի համար:
29 06 2020