+374 41 811 118

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԵՐԿՏԵՂԱՆԻ ՄԱՀՃԱԿԱԼ (ՄԱՍ 1)

Ննջասենյակի կահավորման առանցքը մահճակալն է։ Հենց նրա չափերից, ձևից ու դիրքից է կախված մեր ննջասենյակի տարածության օպտիմալ օգտագործումը և իհարկե մեր հանգիստ ու հարմարավետ քունը։

Այս հրապարակման մեջ մենք կխոսենք, թե ինչպես ընտրել երկտեղանի մահճակալ և ինչին ուշադրություն դարձնել այն ընտրելիս։

Չափսն ամենակարևոր կողմնորոշիչն է մահճակալ ընտրելիս։ Ընդ որում, կահույքի խանութներում մահճակալի չափսը նշելիս, մեծամասամբ, նկատի են ունենում ներքնակի չափսը։ Այսինքն՝ եթե նշված է 180x200սմ կամ 160x200սմ, ապա պետք է հասկանալ, որ դա ներքնակի չափսն է, իսկ մահճակալի իրական չափսն ավելի մեծ է, այն կարելի է հարցնել վաճառքի խորհրդատուներից։

Երկու հոգու համար նախատեսված մահճակալի օպտիմալ լայնությունը 160սմ է։ Սա այն չափն է, որը թույլ է տալիս զուգընկերներին հարմար տեղավորվել և իրար չխանգարել ձեռքերը գլխի տակ դնելիս։ Իհարկե այս դեպքում կարևոր է հաշվի առնել նաև մարդկանց ֆիզիկական չափսերը։ Շատ դեպքերում զույգը կարող է բավարարվել նաև 140սմ լայնությամբ, իսկ երբ ծանր քաշի հարց կա, ապա նախապատվությունը կարելի է տալ 180սմ և ավելի լայն մահճակալներին։

Ինչ վերաբերում է երկարությանը, ապա նախընտրելի է, որ մահճակալը առնվազն 10սմ երկար լինի պառկողի հասակից։ Զույգի դեպքում, բնականաբար, պետք է հաշվի առնել ավելի բարձր հասակ ունեցողի տվյալները։

Մահճակալի բարձրությունը ևս շատ կարևոր է։ Առհասարակ, ընդունված է մահճակալի համար ընտրել այնպիսի բարձրություն, որ հեշտ լինի նրա վրա պառկել, նստել կամ պառկած տեղից ելնել։ 

Բարձրության համար որոշիչ են ինչպես պառկողի հասակը, այնպես էլ տարիքը։ Կարճահասակ մարդկանց համար անհարմար է բարձր մահճակալի վրա պառկելը կամ նստելը, բարձրահասակների դեպքում էլ նախընտրելի է, որ այն շատ ցածր չլինի և անհարմարություն չպատճառի։ Տարեցների դեպքում ցանկալի է, որ մահճակալը շատ ցածր չլինի, և մարդը ստիպված չլինի շատ կռանալ պառկելու համար։ Իդեալական է համարվում 50-90 սմ բարձրությունը՝ կախված մարդու տարիքից և հասակից։

Մահճակալի կոնստրուկցիան՝ կառուցվածքը, այն գործոնն է, որը կարող է երաշխավորել կահույքի այս տեսակի հուսալիությունը, երկարակեցությունն ու ամրությունը։ Որպես կանոն մետաղական ցանցավոր կամ ճաղավոր կոնստրուկցիա ունեցող մահճակալներն ավելի ամուր են, դրանք ընդունակ են կրելու մեծ ծանրություններ։ Բացի այդ, այսպիսի կառուցվածքն ինքնաբերաբար ապահովում է մահճակալի օդափոխությունը ներքևի հատվածից, ինչն էլ իր հերթին նպաստում է մահճակալի երկարակեցությանը։

Մեծ տարածում ունեն նաև բացվող հիմքով մահճակալները։ Ամուր հումքից պատրաստած լինելու դեպքում սրանք ոչ միայն ֆունկցիոնալ են, այլ նաև հուսալի։ Այս տեսակի մահճակալներն իսկական փրկություն են փոքր ննջասենյակներում, քանի որ իրենց տարողունակ պահոցներում հնարավոր է պահ տալ ձմեռային հագուստը, հաստ վերմակները կամ այլ պարագաներ, որոնք առաջնային անհրաժեշտության համար չեն։ Որոշ մոդելների դեպքում պահոցները մահճակալի կողային հատվածում են։ Այսպիսի մահճակալների դեպքում հիմքը բացելու կարիք չկա։

Թե ինչպես կողմնորոշվել մահճակալի հումքի և ոճի ընտրության հարցում, կխոսենք հաջորդ հրապարակման մեջ։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԲԱԶՄՈՑ-ՄԱՀՃԱԿԱԼ

Բազմոց-մահճակալների շահագործման ձևը ենթադրում է, որ դրանց երկարակեցությունը պայմանավորված է տրանսֆորմացիայի մեխանիզմի հուսալիությամբ և որակյալ հումքով։

21 12 2020

ՃԱՇԱՍԵՂԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐ ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ

Այսօր ճաշի սեղանները հիմնականում մի քանի տեսակ են լինում՝ քառակուսի, ուղղանկյունաձև, կլոր կամ օվալ:

25 02 2020

ԼԱՎ ՕՐՈՐՈՑԻ 5 ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

Այս հրապարակման մեջ կխոսենք այն 5 կարևոր հատկանիշների մասին, որոնք բնորոշ են լավ օրորոց-մահճակալին։

02 05 2022