+374 41 811 118

Ինչ պետք է իմանալ նախքան օրորոց գնելը

Նորածինների և մինչև մեկ տարեկան երեխաների օրվա մեծ մասը զբաղեցնում է քունը, որի ընթացքում նրանք հանգստանում, լիցքաթափվում և իհարկե մեծանում են։ Ուստի նրանց օրորոցը ամենակարևոր տարածքն է, որտեղ ընթանում է նրանց առողջ աճի կարևոր շրջանը։

Այս հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչին է պետք ուշադրություն դարձնել օրորոց գնելուց առաջ։

Ներկայումս շուկայում առաջարկվում են ամենատարբեր տեսակների, մոդելների, ձևերի ու չափսերի օրորոցներ, որոնք միշտ գտնում են իրենց գնորդին։ Սակայն ամենակարևոր հատկություններից մեկը, որը բնորոշում է լավ օրորոցին, ամրությունն է։ 

Լավ օրորոցի կմախքը՝ կարկասը, պետք է լինի ամուր և հուսալի, որպեսզի դիմակայի երեխայի քաշին, ինչու չէ նաև մայրիկի հենվելուն։ Հետևաբար օրորոց ընտրելիս կարևոր է ուշադրություն դարձրել դրա ոտքերին, պտուտակներին և մյուս մասերին, որոնք պատասխանատու են ամրության և անվտանգության համար։ 

Ի դեպ, անվտանգությունը պետք է ապահովել ոչ միայն հումքի, այլ նաև օրորոցի դիզայնի մեջ։ Ուշադրություն դարձրեք, որպեսզի օրորոցի ճաղերը չլինեն իրարից շատ հեռու, այլապես երեխաները կարող են մտցնել գլուխը դրանց արանքը և վնասվել։

Օրորոցի ամրությունը և անվտանգությունը կախված է նաև նրա հումքից։ Շուկայում կարելի է գտնել ամուր պլաստիկից, մետաղից, փայտանյութից կամ էլ բնական փայտից պատրաստված օրորոցներ։ Թեև դրանցից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու դրանով պայմանավորված նաև գինը, այնուհանդերձ ցանկալի է նախապատվությունը տալ բնական հումքից՝ փայտից պատրաստված կահույքին։

Մասնագիտացված կահույքագործներն օրորոցները պատրաստում են հատուկ մշակում անցած փայտից, ինչին բնորոշում են խոնավադիմացկությունը, երկարակեցությունն ու ամրությունը։

Հումքի մեջ է մտնում նաև ներկը և լաքը, որոնցով պատվում է կահույքը։ Անտեղի չի լինի նշելը, թե որքան կարևոր է դրանց բնական, էկոլոգիապես մաքուր լինելն այնպիսի կահույքի պատրաստման համար, որի մեջ երեխան օրվա մեջ շատ ժամեր է անց կացնելու։ 
Ի դեպ, ներկերի հարցում մի փոքրիկ հուշում․ քանի որ մի քանի օր է պահանջվում, որպեսզի ներկն ամբողջապես չորանա կահույքի վրա և հոտը կորչի, հետևաբար խորհուրդ չի տրվում պատվիրված օրորոցը գնել նորածնի տուն գալու նախորդ օրերին։ Ավելի լավ է օրորոցի գնումը կազմակերպել շաբաթներ առաջ, որպեսզի այն ամբողջովին անվտանգ լինի երեխայի համար։

Օրորոցը պետք է հարմար լինի ոչ միայն փոքրիկին, այլ նաև մայրիկին, ով քնեցնում և խնամում է նրան։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում ընտրել այնպիսի օրորոցներ, որոնք ունեն իջեցվող կողամաս։ Դրանք շատ հարմար են երեխային պառկեցնելու, խնամքը կազմակերպելու համար։ 

Իրենց հարմարավետությամբ աչքի են ընկնում նաև այն օրորոցները, որոնց տակ պահոցներ կան։ Դրանք հարմար են տակդիրները և խնամքի այլ պարագաները միշտ ձեռքի տակ ունենալու համար։

Երեխաները արագ են մեծանում, և իրենց կյանքի առաջին կես տարում արդեն նրանցից շատերը կարողանում են կանգնել, երբեմն նաև մագլցել։ Այդ ժամանակ ներքնակի սովորական մակարդակը սկսում է վտանգավոր հարթություն լինել, որից երեխաները հաճախ են փորձում ներքև ցատկել։ Ուստի օրորոց ընտրելիս ուշադրություն դարձրեք, որպեսզի այն ունենա ներքնակի երկու՝ վերին և ներքևի մակարդակներ, որոնք կօգտագործվեն ըստ երեխայի տարիքի։

Եվ վերջապես նախապատվությունը տվեք միայն մասնագիտացված կահույքագործներին և գնում կատարելիս մշտապես խորհրդատվություն ստացեք օրորոցի որակի, հումքի և այլ մանրամասների վերաբերյալ։
 

ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՊԱՀԱՐԱՆ

Փոքրիկի ծնվելուն պես տան ինտերիերը մասնակիորեն սկսում է հարմարվել նոր անդամի կյանքին ու պահանջմունքներին։

01 06 2022

Ինչ կահույք ընտրել, երբ տանը կան փոքր երեխաներ

Տանը փոքր երեխաների առկայությունը պատասխանատու ծնողների համար առիթ է վերանայելու տան կահավորանքը և այն ավելի անվտանգ դարձնելու երեխաների համար։

15 08 2023

ՃԱՇԵԼՈՒ ԳՈՏԻՆ ԿԱՀԱՎՈՐԵԼՈՒ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Առանձին ճաշասենյակի առկայությունը, թերևս, ընդարձակ բնակարանների մենաշնորհն է։

04 11 2021