+374 41 811 118

ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՊԱՀԱՐԱՆ

Փոքրիկի ծնվելուն պես տան ինտերիերը մասնակիորեն սկսում է հարմարվել նոր անդամի կյանքին ու պահանջմունքներին։ Մանկական սենյակում, իսկ ավելի հաճախ ծնողների ննջասենյակում արդեն տարածք է ազատվում օրորոցի կամ մանկական մահճակալի համար, մայրիկները տարածք են փնտրում, թե որտեղ պառկեցնեն փոքրիկներին տակդիրը փոխելու ժամանակ և այդպես շարունակ։ Այս ամենը բնականոն է, չէ՞ որ ընտանիքում նոր անդամ կա, ով ևս պահանջում է իր անձնական տարածքը։

Ընտանիքի համալրման դեպքում կարիք է լինում նաև մտածել այն մասին, թե որտեղ պահել փոքրիկի իրերը․ դրանք կարող են լինել բոդիներ, շապիկներ, գուլպաներ, գլխարկներ, կոմբինիզոններ և վերջապես անթիվ-անհամար տակդիրներ։ Այսպիսի դեպքերում օգնության է հասնում առանձին դարակներով մանկական մահճակալը, սակայն երբեմն այն ևս կարող է չբավականացնել։

Կահույք արտադրող շատ ընկերություններ առաջարկում են փոքրիկների պարագաների համար նախատեսված պահարաններ, որոնք առանձնանում են մի շարք առավելություններով․

Նախ ի տարբերությունը մեծահասակների համար նախատեսված պահարանների, դրանք ավելի կոմպակտ են և փոքր։ Սա կարևոր առավելություն է այնպիսի դեպքերում, երբ նորածինը դեռ քնում է ծնողների սենյակում, քանի որ նոր պահարանը ննջասենյակում արմատական տեղափոխությունների առիթ չի դառնա։

Թեև նորածինները մեծահասակների նման շատ հագուստ չունեն, այնուհանդերձ նրանց պատկանող հագուստներն ու պարագաները ևս բազմազան են։ Հատկապես կարևոր է, որպեսզի փոքրիկների հագուստը և սպիտակեղենը պահվեն մեծահասակների իրերից հեռու վայրում՝ հնարավոր փոշուց, մազից խուսափելու նպատակով։

Դարակներով մահճակալները որքան էլ ֆունկցիոնալ են, միևնույն է, պրակտիկ չեն։ Դրանք կարող են հավելյալ դարակներ լինել, բայց ոչ հիմանական պահոց։ Նախ ամեն բան չէ, որ հնարավոր է տեղավորել այդ դարակներում, քանի որ մանկական տակդիրները միայն կարող են զբաղեցնել մի ամբողջ դարակ։ Հետևաբար մյուս դարակում ստիպված տեղավորելու ենք բոդիները, շապիկները, գուլպաները և մնացածը։ Համաձայնե՛ք, մենք մեր հագուստի հետ այդպես չէինք ուզենա վարվել։ Փոքրիկների պարագաների համար նախատեսված պահարանները, հակառակը, ունեն բաժանարարներ ու դարակներ, որոնք հեշտացնում են անհրաժեշտ պարագան կամ հագուստը գտնելու պրոցեսը։

Դարձյալ համեմատելով դարակներով մահճակալների հետ՝ առանձնացնենք պահարանի ևս մի կարևոր առավելություն։ Որքան էլ ամուր ու անշարժ լինի երեխայի մահճակալը, նրա դարակները բացելիս հնարավոր է արթնացնել քնած երեխային։ Իսկ դա, հավատացե՛ք, այդքան էլ նախանձելի պահ չէ երեխային նոր քնեցրած մայրիկի համար։ Իսկ առանձին պահարանիկն ազատորեն հնարավոր է օգտագործել ցանկացած ժամանակ՝ առանց աղմուկ անելու։

Ինչի՞ն ուշադրություն դարձնել նորածինների պարագաների պահարան պատվիրելիս․

Հումքը, որից պատրաստված է պահարանը, մեծ նշանակություն ունի թե՛ կահույքի անվտանգության, թե՛ դիմացկունության համար։ Մասնագիտացած կահույքագործներից կամ խանութներից պահարան ձեռք բերելով՝ կստանանք երաշխիք, որ կահույքը պատրաստված է հատուկ մշակում անցած հումքից, օրինակ՝ փայտից կամ փայտանյութից և պատված է էկոլոգիապես մաքուր ներկով ու լաքով։ Սրանք անհրաժեշտ գործոններ են, որոնք կկանխեն թունավոր կամ քիմիական նյութերի արտազատումն ու փոքրիկի հագուստի մեջ հայտնվելը։

Նախապատվությունը տվե՛ք հարմար դարակներ ունեցող պահարաններին։ Դրանք պետք է լինեն անհրաժեշտ քանակության, չափերի և խորության։ Ընդ որում, պետք է առկա լինեն և՛ բաց, և՛ քաշվող դարակներ։ Պահարանը գնելիս տեղում ստուգեք ծխնիների և սահնակների որակն ու ամրությունը։ Դրանք պետք է ճռռոց չառաջացնեն և սահուն շարժվեն։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԼԱՎ ՕՐՈՐՈՑԻ 5 ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

Այս հրապարակման մեջ կխոսենք այն 5 կարևոր հատկանիշների մասին, որոնք բնորոշ են լավ օրորոց-մահճակալին։

02 05 2022

ԿԱՀՈՒՅՔԻ ԳՈՒՅՆԸ ԵՎ ՄԵՐ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ (ՄԱՍ 2)

Երբեմն անտեսվում է այն կարևոր փաստը, որ կահույքի գույնը կարող է անդրադառնալ մեր ինքնազգացողության վրա։

15 11 2020

ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ԲԱԶՄՈՑ

Ժամանակակից բազմոցների տեսականու մեջ ամենապահանջվածներից են անկյունային տիպի բազմոցները։

21 01 2022