Որքան էլ պարզ և հասարակ թվա այս հարցը, դրա պատասխանը, սակայն, ձևավորվել է բազմաթիվ հոգեբանների, բժիշկների և այլ մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում։
Ննջարանում մենք երկար ժամանակ ենք անցկանցում, լիցքաթափվում ենք ծանր օրվանից հետո և թարմ ուժեր հավաքում։ Եվ որպեսզի ոչ մի բան չխանգարի մեր լավ հանգստին, կարևոր է լավ ծանրութեթև անել, թե որտեղ տեղադրել մահճակալը, ինչ պետք է լինի մեր տեսահորիզոնում պառկած ժամանակ և ինչպես կարող ենք ստանալ դրական լիցքեր մեր ննջարանի կահավորման միջոցով։
Ֆեն-շույ ուսմունքը տալիս է մի քանի պարզ խորհուրդ, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել մահճակալի տեղադրության հարցում և քնի ընթացքում լցվել դրական էներգիայով։ Եվ այսպես․
- Խորհուրդ չի տրվում մահճակալը դնել պատուհանի տակ, քանի որ պատուհանից փոխանցվում է բացասական էներգիա, որը կարող է վատ ազդեցություն ունենալ քնած ժամանակ անպաշտպան մարդու վրա։
- Մահճակալը մի՛ շրջապատեք ավելորդ և մեծաքանակ իրերով՝ աթոռներ, սեղաններ, պահարաններ։ Դրանք խանգարում են հանգիստ քնին։
- Զույգի ննջարանում դեկորը և կահույքը՝ պահարանիկներ, լամպեր և այլն պետք է լինեն երկուական։ Դա նպաստում է միության ամրապնդմանը։
- Մահճակալի գլխավերևում պահարաններ մի՛ կախեք, դրանք արգելափակում են մարդու բիոդաշտը։
Սակայն եթե արևելյան փիլիսոփայության ջատագովը չեք, առաջարկում ենք այլ օգտակար և պրակտիկ խորհուրդներ, թե որտեղ է նպատակահարմար տեղադրել մահճակալը․
- Ընդարձակ ննջարանները թույլ են տալիս, որպեսզի երկտեղանոց մահճակալը տեղադրվի պատի մոտ՝ կենտրոնում։ Այս դիրքը հարմար և մատչելի է մահճակալին տարբեր կողմերից մոտենալու և սենյակը հավասարաչափ օգտագործելու համար։
- Խորհուրդ չի տրվում մահճակալի գլխավերևն ուղղել դեպի դուռը կամ պատուհանը։ Այս դիրքը անպաշտպանության զգացողություն է ստեղծում քնի ընթացքում և կարող է պատճառ դառնալ տհաճ երազների։ Սակայն հոգևոր բացատրությունից զատ՝ մահճակալի այս դիրքը հարմար չէ հատկապես ցուրտ եղանակներին, որովհետև պատուհանից և դռնից թափանցող միջանցիկ քամին կարող է մրսելու պատճառ դառնալ։
- Եթե մահճակալը միտեղանոց է, ապա նախընտրելի է այն տեղադրել ննջարանի անկյունում։ Սա հատկապես նպատակահարմար դիրք է դեռահասների համար, քանի որ ննջասենյակի մեծ մասը ազատ է դասերի, ընկերների հետ նստելու և այլ զբաղմունքների համար։
- Աշխատե՛ք պառկած ժամանակ ձեր տեսահորիզում չունենալ հայելի կամ արտացոլող այլ առարկաներ։ Սրանք ևս բացասական են անդրադառնում գիշերային քնի վրա։
Վերը թվարկած խորհուրդներից զատ անհրաժեշտ է հաշվի առնել մի շատ կարևոր հանգամանք․ ամենամեծ խորհրդատուն փորձն է։ Հետևաբար կարող եք պարբերաբար փոխել ձեր մահճակալի դիրքը և գտնել ամենահարմար տեղադրությունը, որը կնպաստի ձեր առողջ և հանգիստ քնին։
Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։
Երկհարկանի մահճակալները, լինելով հարմար և պրակտիկ, լավագույն լուծումն են մանկական ննջասենյակում տարածքի օպտիմալ օգտագործման համար։
08 12 2020