Փոքր չափի ննջասենյակների հիմնական խնդիրը բավականաչափ անհրաժեշտ կահույք տեղավորվելն է և դրա հետ մեկտեղ շարժվելու տարածք ունենալը։ Սակայն այդպիսի ննջասենյակները ևս կարող են հարմարավետ և ֆունկցիոնալ լինել, եթե դրանք ճիշտ կահավորենք։
Ի՞նչ լուծումներ կան փոքր սենյակներն ավելի ընդարձակ ու հարմարավետ դարձնելու համար
Երկհարկանի մահճակալներ
Սկսենք հենց կահույքից։ Ննջասենյակի կենտրոնական կահույքը մահճակալն է։ Հենց դա է զբաղեցնում սենյակի կահավորման առյուծի բաժինը։ Իսկ այս հարցում տարածքը կարելի է խնայել մի քանի ձևով։ Եթե սենյակում քնում են երեխաներ, ապա այս պարագայում նպատակահարմար է երկհարկանի մահճակալի կիրառումը։ Այսպես բավական տարածք է մնում սենյակում խաղալու և այլ զբաղմունքների համար։
Եթե սենյակը նախատեսված է մեկ հոգու՝ երեխայի կամ դեռահասի համար, ապա կարելի է օգտագործել ինչպես մեկտեղանի մահճակալ, այնպես էլ երկհարկանի մահճակալ, որի առաջին հարկը կարող է լինել պահարան, գրասեղան կամ հանգստի գոտի։
Տրանսֆորմեր կահույք
Եթե սենյակը նախատեսված է զույգի համար, ապա այստեղ մեզ օգնության կարող են հասնել տրանսֆորմեր կահույքը կամ բացվող բազմոցը։ Օրվա ընթացքում սենյակը կունենա հավաք ու կոկիկ տեսք, իսկ երեկոյան կվերածվի ննջարանի։ Նույնը վերաբերում է նաև փոփոխվող, բացվող սեղանին և փափուկ կահույքին։
Տարողունակ կահույք
Փոքր սենյակների համար ընտրված կահույքի դեպքում կարևոր է ոչ միայն հարմարավետությունը, այլ նաև ֆունկցիոնալությունն ու տարողունակությունը։ Մահճակալների ու փափուկ կահույքի դեպքում նախընտրելի է, որ ունենան պահոցներ, որտեղ կարելի է պահել սեզոնային հագուստը կամ անկողինը։ Սա զգալիորեն կկրճատի զբաղեցվող տարածքը և տեղ կազատի սենյակում անցուդարձի համար։
Կախովի դարակաշարեր
Ցանկացած կահույք, որը դրվում է հատակին, ինքնաբերաբար տեղ է զբաղեցնում սենյակում։ Իսկ այստեղ մեր նպատակը տեղ ազատելն է։ Այս պարագայում մեզ կարող են օգնել կախովի գրապահարանները կամ այլ նշանակություն ունեցող դարակները, որոնք ոչ միայն չեն զբաղեցնի մեզ համար թանկարժեք տարածությունը, այլ նաև թեթև օդային տարածք կստեղծեն ինտերիերում։
Լույս և գույն՝ վիզուալ տարածք
Կահույքի չափերն ու տեսակը սենյակում միակ տրամադրություն թելադրողը չեն․ պակաս կարևոր չեն նաև լույսն ու գույնը, որոնց ճիշտ ընտրության արդյունքում սենյակը կարող է ավելի ընդարձակ թվալ։
Բաց գույները՝ սպիտակը, բեժը, պաստելային երանգները վիզուալ մեծացնում են սենյակը։ Նման երանգներով կահույքը թույլ է տալիս սենյակը դարձնել «շնչող»՝ առանց ծանրության զգացողության։ Նույնը վերաբերում է նաև պատերի գույներին, որոնք պետք է ճիշտ համադրություն կազմեն կահույքի հետ և իրենց հերթին չկրճատեն տարածքը։
Լույսի առատությունը ևս նշանակություն ունի սենյակի վիզուալ ընդարձակման մեջ։ Այս հարցում կարևոր է ոչ միայն լուսամուտից ներս թափանցող բնական լույսը, այլ նաև հայելիների առկայությունը, որոնք անդրադարձնում և կրկնապատկում են լույսը։
Բարեբախտաբար շուկայում առկա են բազմատեսակ խոհանոցային աթոռներ, որոնք կարող են բավարարել ցանկացած ճաշակ և լուծել կահավորման ցանկացած խնդիր։
21 02 2022